ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հյուրընկալվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում՝ հանդիպելու գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԵԽ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի ավագ պատասխանատու Անի Դալլաքյանը, ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը, ԿԸՀ Արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը և ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն ողջունել է հյուրերին՝ հիշեցնելով ԵԽ գրասենյակի ու ՀՀ ԿԸՀ-ի՝ տարիներ տևած արդյունավետ համագործակցության մասին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ներկայացրել ընտրական համակարգի այն առաջնահերթությունները, որոնց բարեփոխումներն իրականացնելը համարում է իր առաքելությունը։
Անդրադարձ է եղել նաև «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և կից նախագծերի փոփոխություններին, որոնք խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է։