2025 թվականին պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` «Ընտրական գործընթացների համակարգում,  կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում ծրագրի» համար հատկացվել է 492 միլիոն 744 հազար դրամ: ԿԸՀ-ի նախանշած հայտով ամբողջ ծրագրի համար ավելի վաղ  ներկայացվել էր 551 միլիոն 875 հազար դրամ ցուցանիշը:

Ազգային ժողովի Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 30-ին ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը:

 «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ապահովում և ընտրական ծրագրերի համակարգման, կազմակերպման, անցկացման, մոնիտորինգի ծառայություններ /ապարատի պահպանում/» միջոցառման իրականացման համար հատկացվել է 473 միլիոն 127 հազար դրամ (2023թ.-ին  փաստացի ծախսերը  կազմել է  455 միլիոն 969 հազար դրամ, 2024-ին  հատկացումը` 494 միլիոն 541 հազար դրամ: 

 «Ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպում/Ուսուցում/» միջոցառման իրականացման համար հաստատվել է 19 միլիոն 617 հազար  դրամ ցուցանիշը` չնայած ԿԸՀ-ի կողմից նախանշված է եղել, որ դասընթացների իրականացման համար հաշվարկվել է 58 միլիոն 851 հազար դրամ։

2023թ.-ին   այս միջոցառման մասով հատկացումը կազմել է  58 միլիոն 851 հազար դրամ, այդ տարի դասընթացների փաստացի ծախսը կազմել է 81 միլիոն 220 հազար դրամ:

Իսկ 2024թ. մասնագիտական դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ հատկացումը կազմել է  19 միլիոն 617 հազար դրամ: