Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել է  Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերի,  Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին,  «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության բաժնի պետ Արտյոմ Մեսրոպյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Կարեն Սիմոնյանը։

 ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը ներկայացրել են հունիսին կայացած Էստոնիայի Հանրապետություն կատարած գործուղման մանրամասները։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները Տալինում ճանաչողական այցի ընթացքում Էստոնիայի Ազգային ընտրական կոմիտեի և Պետական ընտրական գրասենյակի, ինչպես նաև մասնագիտական կառույցների հետ ընտրական գործընթացների կիբերանվտանգության վերաբերյալ քննարկումներ են ունեցել։

Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության՝ Միջազգային զարգացման աջակցությամբ ֆինանսավորվող և IFES-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում IFES-ը նախաձեռնել էր հայաստանյան պատվիրակության համար ճանաչողական այց։

2023 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ ԿԸՀ վարչական շենքում Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոն և ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ ազդարարելով «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագիրը գործում է երեք հիմնական ուղղություններով՝ կիբերանվտանգության մարտահրավերների նկատմամբ ԿԸՀ դիմակայության բարելավում, քաղաքական ֆինանսավորման և հանրային ռեսուրսների չարաշահման նկատմամբ վերահսկողության բարելավում և ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կրթության հմտությունների զարգացում՝ ժողովրդավարական բոլոր գործընթացներում մասնակցության ապահովման նպատակով։

Նույն ծրագրի շրջանակում ՀՀ ԿԸՀ աշխատակազմը 2024 թ․ հունվարի 17, 18-ին  մասնակցել է վերապատրաստման երկօրյա դասընթացի՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ամրապնդմանը։ 

Դեսպան Գալագերը շնորհակալության խոսքեր է հղել ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար, և հույս հայտնել, որ  հետագա համագործակցությունը ևս շարունակական կլինի՝ ի նպաստ ժողովրդավարության կայացմանը։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունելով հյուրերին վստահեցրել է, որ ԿԸՀ-ն շահագրգիռ է համագործակցությունը քննարկմանը հրավիրված բոլոր գործընկերների հետ ընդլայնելու հարցում։