Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օգոստոսի 24-ի հերթական նիստում հաստատեց ԱԺ պատգամավորին մանդատ տրամադրելու արձանագրությունը։ Այսպիսով, ինքնաբացարկի դիմում ներկայացրած և լիազորությունները վաղաժամ դադարած «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի մանդատը տրամադրվեց նույն դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Ալբերտի Մելքոնյանին։

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։
 «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։

Իսկ ինքնաբացարկի մյուս դիմում ներկայացրած ավագանու անդամի թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում։