2023 թվականի նոյեմբերի 8-9-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES-ի) և «Կանայք՝ ընտրական վարչարարության մարմիններում» միջազգային ասոցիացիայի (WEM-International) կողմից համատեղ կազմակերպված համաժողովին, ինչպես նաև IFES-ի «Ընտրություններում կանանց հզորացման Եվրոպայի տարածաշրջանային ցանցի» (RENEWE) հանդիպմանը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից միջոցառմանը մասնակցել են ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ արտաքին կապերի վարչության պետ Հերմինե Հարությունյանը։
«Կանայք՝ ընտրական վարչարարության մարմիններում» համաժողովի ընթացքում քննարկվել և բավարարվել է ասոցիացիայի անդամակցության ԿԸՀ դիմումը, ընտրվել է ասոցացիայի ղեկավար կազմը։ Անդամակցության հայտ էին ներկայացրել նաև Շրի Լանկայի, Հունգարիայի և Ուկրաինայի ընտրական մարմիները։
«Կանայք ընտրական վարչարարության մարմիններում» միջազգային ասոցիացիան միակ մասնագիտացված միջազգային կառույցն է, որը ստեղծվել է տարբեր երկրների ընտրական մարմինների կողմից։ Ասոցիացիայի նպատակն է խթանել գենդերային հավասարությունը ընտրական գործընթացներում՝ աջակցելով կանանց և տղամարդկանց հավասարակշռված ներկայացվածությանը ընտրական վարչարարության բոլոր մակարդակներում։