ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 28-ը գործուղվել է Վրաստան, հոկտեմբերի 23-ին՝ հյուրընկալվել Վրաստանի ԿԸՀ-ում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։
ԿԸՀ պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վրաստանի ԿԸՀ-ի ընտրական համակարգերի զարգացման, բարեփոխումների և ուսուցման կենտրոնում։ Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հիմնական նպատակն է ընտրողների վստահության բարձրացումն ընտրական ընթացակարգերի նկատմամբ և անաչառ, թափանցիկ ընտրությունների կազմակերպմանն աջակցումը:
Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով՝
Ընտրական բարեփոխումների աջակցություն,
Ընտրական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկների և առաջարկությունների մշակում,
Ընտրական վարչակազմի և անձնակազմի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ ներկայացուցիչների, ընտրողների և այլ շահագրգիռ անձանց վերապատրաստում և վերաորակավորում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում,
ԿԸՀ-ի որոշմամբ ընտրական մարմնի պաշտոնատար անձանց ատեստավորման անցկացում,
Իրավասության շրջանակներում մոնիտորինգի իրականացում։
Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Բաթումի քաղաքում մասնակցել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվությունը ընտրություններում» թեմայով 11-րդ տարեկան համաժողովին։
Համաժողովի ընթացքում քննարկված հարցերն են՝ Էլեկտրոնային քվեարկության լուծումների ներդրման մարտահրավերների հաղթահարում, թվային տեխնոլոգիաները ընտրություններում, ընտրությունների ընթացքում ապատեղեկատվական արշավներ։
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է Հայաստանի ԿԸՀ փորձը՝ խոսելով ԿԸՀ ուսումնական կենտրոնի տեսլականի, ԿԸՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի մասին։