Ապրիլի 30-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվիրակությունը Ուզբեկստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրավերով դիտորդական առաքելությամբ մասնակցել է սահմանադրական հանրաքվեին։ Պատվիրակության կազմում ընդգրկվել են ՀՀ ԿԸՀ նախագահի խորհրդական Արևիկ Նավոյանը և ԿԸՀ աշխատակազմի գլխավոր քարտուղար Գևորգ Պետրոսյանը։
ՈւՀ ԿԸՀ քվեարկության նախորդ օրը մամուլի ասուլիս է հրավիրել, որտեղ ԿԸՀ նախագահ Զայնիդին Նիզամխոջաևն ավելի քան 1000 միջազգային դիտորդներին, ԶԼՄ ներկայացուցիչներին, հյուրերին ներկայացրել է սահմանադրական հանրաքվեի կարևորությունը երկրի տնտեսական և ժողովրդավարական զարգացման տեսանկյունից։
ԿԸՀ նախագահ Նիզամխոջաևն իր խոսքում կարևորել է Ուզբեկստանի քաղաքացիների համար բոլոր հնարավորությունների ստեղծումը՝ իրենց ընտրական իրավունքի իրացման համար։ Այս նպատակով երկրում ձևավորվել են հանրաքվեի տարածքային հանձնաժողովներ, որոնք ձևավորել են ընտրական տեղամասեր, աշխարհի 39 երկրներում Ուզբեկստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական հաստատություններում 55 ընտրական տեղամաս է ձևավորվել։ Արտասահմանում ձևավորված տեղամասերում քվեարկելու համար գրանցվել է 307895 ընտրող։ Յուրաքանչյուր ընտրող ընդգրկվել է միայն մեկ ընտրական ցուցակում, որոնց թիվն ըստ էլեկտրոնային ցուցակների կազմել է 19 մլն․ 722 809։ Գրանցված ընտրողների 46% տղամարդիկ են, 54%-ը՝ կանայք։
Առաջին անգամ ներդրվել է էլեկտրոնային եղանակով ընտրողի անձի նույնականացման տեխնոլոգիան, կիրառվել է շրջիկ արկղով քվեարկությունը փակ հաստատություններում, ինչպես նաև տուն առ տուն քվեարկություն՝ կենսաթոշակային տարիքի և տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց համար։
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը քվեարկության նախորդ օրն այցելել է մայրաքաղաք Տաշքենդում ձևավորված թիվ 14 տարածքային ընտրական հանձնաժողով, որտեղ մանրամասն ծանոթացել է ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ներկայացրել է ՀՀ-ում կիրառվող էլեկտրոնային եղանակով ընտրողի գրանցումն ու նույնականացումն իրականացնող տեխնիկական սարքավորումների առաջատար փորձը, ընտրական տեղամասերի կահավորման առանձնահատկությունները։
Քվեարկության օրը ՀՀ ԿԸՀ պատվիրակությունն այցելել է մի շարք ընտրական տեղամասեր, ծանոթացել քվեարկության ընթացքին, այդ թվում՝ ստացիոնար բժշկական հաստատություններում քվեարկության կազմակերպման և անցկացման առանձնահատկություններին։