ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչին: Ողջունելով տիկին դեսպանին` ԿԸՀ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ դեսպանատան և ԿԸՀ-ի միջև մինչ այժմ ձևավորված գործակցությունը և շնորհակալություն հայտնել ՀՀ-ում ժողովրդավարական ավանդույթների ձևավորման գործում ցուցաբերած աջակցության համար: Տիկին Յովանովիչը նշել է, որ ընտրությունների դերն անգնահատելի է ընտրողնիերի ձայնը լսելի դարձնելու միջոցով կայուն ժողովրդավարական պետություն ստեղծելու ճանապարհին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական համակարգի բարեփոխումների, մասնավորապես` ընտրական հանձնաժողովները մասնագիտական դարձնելու, տեղական դիտորդների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ՀՀ-ում էլեկտրոնային քվեարկության համակարգ ներմուծելու վերաբերյալ հարցեր: ԿԸՀ նախագահը վստահություն է հայտնել, որ նոր ընտրական օրենսգիրքը ավելի լայն հնարավորություններ կընձեռի բարձրացնել ընտրական վարչարարության մակարդակը և օրենքի տառին համահունչ անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Տիկին դեսպանն իր հերթին ողջունել է ընտրական համակարգի բարելավման գործում ՀՀ իշխանությունների ջանքերը և կարևորել օրենքը կիրառելու քաղաքական կամքի անհրաժեշտությունը, ինչը կբարձրացնի հանրության վստահությունն ընտրական համակարգի նկատմամբ: Հանդիպման ավարտին ԿԸՀ նախագահը ևս մեկ անգամ հայտնել է իր երախտագիտությունը և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքներում: