Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 8–րդ մասի 2–րդ պարբերությամբ, ինչպես նաև հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացված համապատասխան իրավական ակտերը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը

ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է.

Արարատի մարզի Վերին Դվին համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2023 թվականի հոկտեմբերի  29-ին։

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 15 ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:

Թեկնածուների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվում են՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ից մինչև սեպտեմբերի 29-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29ց մինչև հոկտեմբերի 4-ը՝ մինչև ժամը 18:00-ն:

Մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների 2023 թվականի հոկտեմբերի 29-ին կայանալիք ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցին կարելի է ծանոթանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: